Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) եւ «Հայ Օգնության Միության» ներկայացուցիչներին եւ քննարկել երեխաների պաշտպանության դաշտում իրականացվող բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակին, գերակայություններին եւ առանցքային գործոններին:
Ընդգծելով աղքատ, հաշմանդամ եւ ծնողական խնամքից զրկված երեխաների սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման անհրաժեշտությունը` կարեւորվել է երեխաների պաշտպանության ռազմավարության լրամշակումը: Առաջնահերթ են համարվել Հայաստանում տվյալ խնդրի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի կազմակերպումը եւ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում շահագրգիռ պետական գերատեսչությունների ներգրավումը:
Խորհրդակցության ժամանակ արծարծվել է նաեւ մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու խնդիրը: Հարցի առնչությամբ վարչապետը ներկայացրել է Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի միջոցով անօթեւան երեխաներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի մանրամասները: Այդ համատեքստում կարեւորվել է հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:



























