Հայաստան ներմուծված ավտոմեքենաների քանակությունը 2017 թվականի համեմատությամբ 2018 թվականին 71,2 տոկոսով աճել է, իսկ 2016 թվականի համեմատությամբ՝ 298 տոկոսով: Այս մասին վկայում են Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, որոնք հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ  հրապարակեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ տվյալներով՝ 2018 թվականին Հայաստան է բերվել 67 255 միավոր ավտոմեքենա 2017 թվականի 39 282 եւ 2016 թվականի 16 887 ավտոմեքենաների դիմաց:

Ընդ որում՝ 2018 թվականի տվյալներով ավտոմեքենաների ներմուծման ժամանակ մաքսավճարների գումարը 2017 թվականի համեմատությամբ աճել է 46,2 տոկոսով, իսկ 2016-ի համեմատությամբ՝ 169 տոկոսով: Ուշագրավ է, որ մեկ ավտոմեքենայի մաքսազերծումը 2018-ին 14,6 տոկոսով էժան է եղել՝ մաքսազերծման միջին արժեքը կազմել է 581,8 հազար դրամ՝ ընդդեմ մեկ տարի առաջվա 681,4 հազար դրամի: Մասնավորապես 2018 թվականի 1-ին եռամսյակում մեկ ավտոմեքենայի մաքսազերծումն արժեր 675,8 հազար դրամ (27293 ավտոմեքենաների մաքսազերծման ընդհանուր գումարը կազմել է 18443 մլն դրամ), իսկ 2-րդ եռամսյակում՝ 517,8 հազար դրամ (39962 ավտոմեքենաների մաքսազերծման ընդհանուր գումարը կազմել է 20693 մլն դրամ), հետեւաբար 2018-ի 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատությամբ մեկ ավտոմեքենայի մաքսազերծումն էժանացել է 23,3 տոկոսով: 2016 թվականի համեմատությամբ՝ մեկ ավտոմեքենայի մաքսազերծումն էժանացել է 35 տոկոսով՝ այդ տարի այն կազմել է միջինը 894,7 հազար դրամ (16887 ավտոմեքենաների մաքսազերծման գումարը կազմել է 15108 մլն դրամ):

«ՊԵԿ տվյալները վկայում են այն մասին, որ 2 տարում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների թիվը 4 անգամ մեծացել է»,- նշեց Անանյանը:

Հայաստան ներմուծվել են հիմնականում գերմանական, ճապոնական, ամերիկյան եւ կորեական ավտոմեքենաներ՝ Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից:

«Աճը պայմանավորված է նրանով, որ ԵՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիները երրորդ երկրներից ավտոմեքենաները ներմուծում են Հայաստան, որից հետո նոր միայն իրենց երկիր տանում, քանի որ Հայաստանում ավտոմեքենայի ներմուծման մաքսատուրքը այս պահին ավելի ցածր է, քան, ասենք, Ղազախստանում: Դրանից բացի, Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ գնել ավտոմեքենաներ, քանի որ ինվոյսով մաքսային ձեւակերպումը ավտոմեքենայի գինը նվազեցնում է»,- պարզաբանեց ՊԵԿ ղեկավարը: