ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ է ընդունել Լիբիայի ղեկավարության նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման մասին:

ՄԱԿ ԱԽ միջոցները կոչված են կասեցնելու Մուամար Քադաֆիի ռեժիմի հակառակորդների սպանությունները, դրանք նաեւ ենթադրում են էմբարգո` Լիբիայի հետ զենքի առեւտրի վրա, լիբիական առաջնորդի հաշիվների սառեցում եւ նրա, ինչպես նաեւ նրա ընտանիքի ու մերձավորների միջազգային այցերի արգելք:

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ` ՄԱԿ ԱԽ 15 անդամ-պետություններ որոշել են նաեւ հանձնարարել Միջազգային քրեական դատարանին հետաքննություն իրականացնել Լիբիայում քաղաքացիական անձնաց սպանության փաստով եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Բանաձեւի նախագիծը, որը նախաձեռնել են մի շարք երկրներ, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, ԱԽ է ներկայացվել փետրվարի 26-ին:

Հիշեցնենք, որ Լիբիայում Քադաֆիի հեռանալու պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են փոտրվարի 15-ից: ՄԱԿ-ի տվյալներով` անկարգությունների ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել: