Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան դատապարտել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը: Նա այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով միջադեպին` հայտարարել է. «Իմ կարծիքով նման բաներ չպետք է տեղի ունենան»։
Գերչեւան նշել է, որ թեեւ միջադեպի մանրամասներին ծանոթ չէ, սակայն կտրականապես դեմ է իրենց իրավունքներն իրացնող քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելուն: «Որքան ես տեղյակ եմ՝ վարչապետը հանձնարարել է, որ պատշաճ կերպով քննվի այդ դեպքը։ Որպես ՄԱԿ–ի մշտական համակարգող՝ ես կարող եմ ասել, որ ՄԱԿ-ը դատապարտում է քաղաքացիների նկատմամբ ցանկացած բռնության կիրառում։ Միաժամանակ, նմանատիպ միջադեպերը մեկնաբանելիս կարելի է լսել վեճի երկու կողմերի կարծիքներն ու տեսակետները»,- ընդգծել է Գերչեւան։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է նաեւ, որ Երեւանի քաղաքապետը ցանկանում է կատարել օրենքի տառն ու արգելել բացօթյա առեւտուրը: «Թե’ երկրի իշխանությունները, թե’ քաղաքապետարանն աչք չեն փակում այս խնդրի վրա, այլ առաջարկում են այլընտրանքային լուծումներ».-հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:
Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, նաեւ Անահիտ Բախշյանը, ում բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել:





























