Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել Հալեպի վրա Իսրայելի ավիահարվածը, հայտնում է երկրի պետական հեռուստատեսությունը:

Ավիահարվածը հասցվել է չորեքշաբթի տեղական ժամանակով մոտ 23:00-ին: Աշխարհազորի ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ հարվածը հասցվել է Հալեպի քաղաքացիական օդանավակայանին, հարակից Ջիբրին բնակավայրին եւ Շեյխ Բաջար արդյունաբերական գոտուն:

Հարվածի հետեւանքով պատճառվել է նյութական վնաս: Հարձակումից հետո ամբողջ Հալեպը հոսանքազրկվել է:

Իսրայելի ՌՕՈՒ-ն վերջին անգամ Սիրիային ավիահարվածներ էր հասցրել հունվարին: Այդ ժամանակ զոհվել էր 4, վիրավորվել 6 սիրիացի զինվորական: Սիրիայի ՀՕՊ-ը ոչնչացրել էր 30-ից ավելի թեւավոր հրթիռ եւ կառավարվող ավիառումբ:

Հունվարին կատարված հարձակումից հետո Դամասկոսը սպառնացել էր որպես համաչափ միջոցառում հարվածել Թել Ավիվի օդանավակայանին: