ՊՎԾ կալանավորված պաշտոնյաներից Գևորգ Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանը: Նա նշեց, որ խափանման միջոցը փոխվել է վերահսկող դատախազի որոշմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեականա գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։
2019 թ. փետրվարի 27-ին պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի ներակայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։




























