Շվեդիայի Սկոնե նահանգի Մալմեի դատարանը օրենքի խախտում չի հայտնաբերել Մուհամեդ մարգարեի մերկ պատկերի ցուցադրման մեջ:
Խնդիրն այն է, որ աջակողմյան հայացքներ ունեցող Սկոնեի կուսակցության հավաքի ժամանակ կուսակցության առաջնորդ Կարլ Հերսլոուն ցույց էր տվել փոքրիկ աղջկա ձեռքը բռնած մերկ տղամարդու պատկերով պաստառ: Այն ուղեկցվել էր «Նա 53 տարեկան է, իսկ աղջիկը` ինը: Արդյո~ք դա այնպիսի հարսանիք է, որ մենք ցանկանում ենք տեսնել Սկոնեում» մակագրությամբ:
Մակագրության համար հիմք է ծառայել մահմեդական մարգարեի կենսագրության այն դրվագը, ըստ որի նրա եւ Աիշեի ամուսնության ժամանակ աղջիկը եղել է մինչեւ 10 տարեկան, սակայն այդ հարցում միասնական տեսակետ չկա:
Կուսակցության առաջնորդը մեղադրվում էր էթնիկ խմբի դեմ քարոզչության մեջ: Հերսլոուն սակայն պնդել է, թե դրանով միայն կոչ է արել քննարկել իսլամի հետ կապված հարցեր, քանի որ, իր կարծիքով, այն համատեղելի չէ ժողովրդավարական արժեքների հետ: Դատարանը վճռել է, որ պաստառի ցուցադրումը չի խախտում մամուլի ազատության մասին օրենքը:





























