Լիբիայի իշխանությունները որոշել են դադարացնել բոլոր մարտական գործողություններն ապստամբների դեմ: Պատճառը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւն է, որով նախատեսվում է հարվածներ հասցնել մուամար Քադաֆիի զորքերին, հաղորդում է «Ֆրանս Պրեսս»-ը՝ վկայակոչելով Լիվիայի ԱԳՆ-ին:
Լիբիայի ԱԳ նախարար Մուսա Կուսան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դադարացվել են բոլոր մարտական գործողությունները երկրում:
«Մենք որոշում ենք ընդունել, անմիջապես դադարացնել մարտական գործողությունները»,- ԱԳՆ նախարարի խոսքերն է մեջբերում արբանյակային «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը։
«Մեզ շատ է մտահոգում խաղաղ բնակչության ճակատագիրը»,-հայտարարել է Կուսան։ Նա խոստացել է ապահովել Լիբիայի տարածքում գտնվող արտասահմանյան քաղաքացիների անվտանգությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել մոտակա ժամերին մարտական գործողություններ սկսել Լիբիայի դեմ: Մարտական գործողության մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն ավելի վաղ նշվում էր, որ օդային հարվածներ են հասցվելու Լիբիային։
Մարտի 18-ի գիշերը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել ըստ, որի անհապաղ պետք է դադարեցնել պատերազմական գործողությունները Լիբիայում։
ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1973 բանաձեւը նախաձեռնել են Լիբանանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: ՄԱԿ ԱԽ 15 անդամներից 10-ը կողմ են արտահայտվել, ձեռնպահ են եղել հինգ երկիր, այդ թվում`Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան:





























