Հունիսի 21-ին աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը, որը հիմնադրվել է 2014 թվականին ՄԱԿ ԳԱ բանաձեւով՝ յոգայի առավելությունների եւ այն կենսակերպի մեջ մտցնելու մասին համաշխարհային հանրության տեղեկացվածության մեծացման նպատակով:
Տոնն առաջին անգամ նշվել է 2015 թվականի հունիսին, իսկ տոնի հիմնադրման նախաձեռնությունը եւ օրվա ընտրությունը կատարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ինչը պատահական չէ: Հնդկաստանը համարվում է յոգայի հայրենիքը, որտեղ այս ուսմունքը տարածված է հնագույն ժամանակներից: Իսկ օրվա ընտրությունը կանգ է առել Երկրագնդի կեսի համար ամենաերկար օրվա վրա: Արեգակի ակտիվության հետ կապված այս օրը շատ ժողովուրդների համար որոշակի նշանակություն ունի եւ հայտնի է որպես արեւադարձի օր:
Հնդկաստանի վարչապետի նախաձեռնությանը աջակցում են 175 պետություններ, որոնք ՄԱԿ ԳԱ-ում ներկայացուցչություն ունեն, եւ 2014-ի դեկտեմբերին հունիսի 21-ը հռչակել են Յոգայի միջազգային օր: Նման միաձայն աջակցությունը պայմանավորված է յոգայի օգտակարության ճանաչմամբ, որը կրում եւ տարածում է յոգայի ուսմունքը ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար, ինչը մարդու հոգեզգայական բնույթի վրա աճող ծանրաբեռնվածությունների արդի աշխարհում կարեւոր դեր ունի:





























