Իրական Հայաստանի գաղափարախոսության թեզերից մեկը հետևյալն է. «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ». Այս թեզը բխում է էլի մեր պատմական փորձառության ուսումնասիրությունից։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդող հարյուրամյակներում ո՞րն է եղել մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը բնականաբար եղել է Հայաստանը, իսկ որն է եղել մեր պետությունը կամ այն պետությունը, որտեղ հայրենիքով հանդերձ ապրել ենք, եղել է Պարսկաստանը, ավելի ուշ եղել է Օսմանյան կայսրությունը, դրանից հետո Ռուսական Կայսրությունը, հետո Խորհրդային Միությունը։ Մեր պատմությունն ասում է, մենք բնականաբար սիրել ենք մեր հայրենիքը, բայց հիմնականում ատել ենք այն պետությունը, որում մենք հայրենիքով հանդերձ գտնվել ենք, և հայրենիքը այս ողջ ժամանակաշրջանում պետությունից փախչելու, պետությունից պատսպարվելու և պետության դեմ պայքարելու տեղ է եղել։

Ես վարչապետի պաշտոնում շատ հաճախ տեսնում եմ, թե ինչքան շատ ենք սիրում մեր հայրենիքը, բայց նույնքան հաճախ իմ մոտ ծագում է մի միտք՝ ոնց որ այդքան էլ չենք սիրում մեր պետությունը։ Մենք իներցիայով շարունակում ենք սիրել մեր հայրենիքը և շարունակում ենք ատել պետությունը»,–ասաց նա։

Փաշինյանը մի պատմություն հիշեց. «Իրական Հայաստանի գաղափարախոսության զրույցների մեկի ժամանակ ներկաներից մեկը հարցրեց՝ ի՞նչն է պատճառը, որ մենք Հայաստանում մեզ մի ձև ենք պահում, իսկ երբ գնում ենք Գերմանիա, մեզ բոլորովին ուրիշ կերպ ենք պահում։ Ես ասեցի՝ դրա համար կա ընդամենը մի շատ կարևոր պատճառ, որովհետև Հայաստանը հայրենիք է, իսկ Գերմանիան պետություն է։ Հայրենիքում ընդհանրապես հարկային օրենսգիրք չի լինում, հայրենիքում քաղաքացիական, քրեական օրենսգիրք չի լինում, հայրենիքում նույնիսկ երթևեկության կանոններ չկան, որովհետև դուք չեք կարող աշխարհում գտնել մի փաստաթուղթ, որը կոչվի հայրենիքի երթևեկության կանոններ։

Մեզ մոտ բնակավայրեր կային, որտեղ տարիներով ոստիկանությունը ընդհանրապես չէր մտնում, և երբ պարեկային ծառայությունը սկսեց ձևավորվել և մտնում է գյուղեր, ես շատ արագ ստացա արձագանքներ, խնդրանքներ՝ իսկ կլինի՞, որ գյուղացիները շարունակեն ավտոմեքենաները վարել առանց պետհամարանիշերի, առանց վարորդական իրավունքի, դե որովհետև խոտ են բերում, փետ են բերում և այդ մեքենաները չունենան տեխնիկական զննություն, կլինի՞ չունենան ԱՊՊԱ։

Սրա պատճառն այն է, որ մարդիկ ասում են՝ լսեք, այս գյուղը մեր հայրենիքն է, ինչի՞ եք մեր վրա բերում պետություն։ Մարդիկ չեն տեսել պետություն, և մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն։ Մենք մեր բանակից փախնում ենք այն նույն ինտենսիվությամբ, ինչ ինտենսիվությամբ ժամանակին փախել ենք պարսկական բանակից։

Կարելի է գնալ աշխարհի որևէ հատվածում կատարել ինչ-որ աշխատանք, հետո գալ հայրենի կամ ոչ հայրենի գյուղում խաչքար դնել, թողել գնալ, դրանով կատարած կլինես պարտքդ հայրենիքի նկատմամբ, իսկ երբ պարզվի որ տեղադրված խաչքարը ինքնակամ կառույց է և տեղական ինքնակառավարման մարմինը փնտրում է քեզ հասկանալու համար թե ինչու ես դու առանց օրենքով սահմանված թույլտվություն, նախագիծ ունենալու, կատարել շինարարական աշխատանքներ, այդտեղ ավելի կխորանա ատելությունը պետության նկատմամբ, ավելի կխորանա այն խոսակցությունը, որ այս պետությունը ապազգային տմարդի, ատելի պետություն է, որովհետև չի թողնում, որ ես որտեղ ուզեմ խաչքար դնեմ։

Բայց Միացյալ Նահանգներում ու՞մ մտքով կանցնի, որ որտեղ ուզի խաչքար դնի։ Չի անցնի ոչ մեկի մտքով, որովհետև ԱՄՆ–ն պետություն է, իսկ Հայաստանը հայրենիք է։

Այստեղ ոստիկանությունը մեկին կանգնացնի, առաջին գործողությունը հեռախոսը հանի, ուղիղ եթեր մտնի ու ասի՝ մի հատ ասա ինչի համար ես կանգնացրել։ ԱՄՆ–ում մեկը այդպես կանի՞։ Ընդհակառակը, Հայաստանից որ մեկը մտնում է Միացյալ Նահանգներ, առաջին բանը, որ ծանոթները, հարազատները զգուշացնում են, ասում են՝ լսեք, այստեղ ոստիկանություն չի, այստեղ փոլիս է, որ կանգնացրեց, սուս կմնաք, ձեզ կոնկրետ կպահեք, թե չէ մի քիչ աջ-ձախ, կարող է հանեն ճակատներիցդ կրակեն։ Այստեղ է հայրենիքի և պետության տարբերությունը։

Ես մտածում եմ, որ մենք պետք է մեր պետությունը ընկալենք որպես հայրենիք և հայրենիք համարենք մեր պետությունը, սա է լավագույն մոդելը»,– հայտարարեց Փաշինյանը։