Լեգենդար Pink Floyd ռոք խմբի առաջնորդներից մեկի՝ Դեւիդ Գիլմորի 120 կիթառից բաղկացած հավաքածուն Christie's աճուրդում ձեռք են բերել 21.5 մլն դոլարով, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ հավաքածուի վաճառքից ստացված հասույթն ուղղվել է ClientEarth կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող ոչ առեւտրային կազմակերպությանը:

Հավաքածուում ներառվել են հետեւյալ ապրանքանիշերի կիթառները. by Fender, Rickenbacker, Ovation, Gibson, C.F. Martin եւ Gretsch, ինչպես նաեւ բանջո եւ հզորացուցիչներ:

«Մեզ պետք է քաղաքակիրթ աշխարհ, որը գոյություն կունենա մեր թոռների եւ նրանց սերունդների համար, եւ որում հնարավոր կլինի նվագել այս կիթառներն ու երգել»,-գրել է Դեւիդ Գիլմորը թվիթերյան իր միկրոբլոգում: