Լիտվայի Սեյմում նոր կոալիցիոն մեծամասնություն ստեղծելու մասին պայմանագրի ստորագրումը հետաձգվել է մինչեւ հուլիսի 5-ը: Հինգշաբթի լրագրողներին այս մասին ասել է իշխող «Լիտվայի գյուղացիների եւ «կանաչների» միություն» կուսակցության նախագահ Ռամունաս Կարբաուսկիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Կոալիցիոն համաձայնագրի լիակատար համաձայնեցման համար ավելի շատ է ժամանակ պահանջվում: Հուսով ենք փաստաթուղթը ստորագրել հաջորդ ուրբաթ»,- ասել է նա: Կարբաուսկիսն ավելի վաղ կարծում էր, որ դա տեղի կունենա հունիսի 27-ին:

Նա հույս ունի, որ կոալիցիոն մեծամասնությունը կկազմավորեն 4 կուսակցություններ: Բացի իշխող կուսակցությունից, նրա խոսքով՝ մեծամասնությանը կմիանան Լիտվայի Աշխատանքի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կարգ եւ արդարություն» կուսակցությունը եւ ազգային փոքրամասնությունների «Լիտվայի լեհերի ընտրական ակցիա – Քրիստոնեական ընտանիքների միություն» քաղաքական կազմակերպությունը:

Մայիսի 26-ին Լիտվայի նոր նախագահ՝ Գիտանաս Նաուսեդայի ընտրությունից հետո (նրա երդմնակալությունը տեղի կունենա հուլիսի 12-ին) իշխող կուսակցությունը հայտարարել էր սեյմում կոալիցիոն մեծամասնության մասին պայմանագրի գործողության դադարեցման մասին եւ բանակցություններ էր սկսել նոր մեծամասնության ձեւավորման շուրջ: Չորս կուսակցության մասնակցությամբ կոալիցիան կարող է ունենալ 77 մանդատ: Լիտվայի խորհրդարանում ընդհանուր 141 տեղ է: