Ֆրանսիայի ազգային ժողովը հրապարակել է պետական կառույցներում իսլամիզմի մասին զեկույց:

Ֆրանսիայի խորհրդարանականների յոթ ամիսների աշխատանքի արդյունքները «Le Figaro» աջակողմյան թերթն անվանում է ցնցող եւ այդ թեմայով մի շարք հոդվածներ է հրապարակում:

Ֆրանսիայում  50000 սալաֆիտ կա

7 ամսվա ընթացքում ֆրանսիացի պատգամավորներ Էրիկ Դիարը եւ Էրիկ Պույան ուսումնասիրում էին Ֆրանսիայում իսլամիստական տրամադրությունների աճի հարցը, 53 լսումներ են անցկացրել, մոտ 60 ժամ ձայնագրություն հավաքել:  Պատգամավորները հատուկ ուշադրություն են դարձրել պետական կառույցներում իրավիճակին՝ արմատականության դեմ  պայքարի 35 առաջարկ ներկայացնելով:

Le Figaro-ն կարծում է, որ այդ զեկույցը պետք է ստիպի նախագահ Էմանուել Մակրոնին խախտել լռությունը եւ արտահայտվել, ինչպես նախկինում խոստացել է , հանրապետությունում աշխարհիկության սկզբունքի մասին: Խմբագրական հոդվածի հեղինակն ընդգծում է, որ 15 տարում սալաֆիստների թիվը 5000-ից հասել է 50 հազարի:

 Նրա կարծիքով՝ երկիրը հրաժարվում է տեսնել այդ վտանգը:

 «Հարկավոր է վերանայել առկա օրենքների զինանոցը, սակայն դրա համար, առաջին հերթին, հարկավոր է համարձակ եւ կոշտ ազդանշան, որը մենք սպասում ենք Ֆրանսիայի նախագահից», եզրափակում է հոդվածի հեղինակը:

Անհապաղ գիտակցել խնդիրը

Մայիսի վերջի դրությամբ տվյալների պետական ռեեստրում ահաբեկչական բնույթի արմատականության զգուշացումով ներառվել էր 21 039 մարդ, որից գրեթե կեսը ակտիվ է:

Այդ ցուցակից 1500 անձ իրենց գործունեության բնույթով կարող են հատուկ վտանգ ներկայացնել (խոսքը ոստիկանների, ավիացիայի աշխատակցիների, տրանսպորտային ընկերությունների մասին է եւ այլն):

Էրիկ Դիարի եւ Էրիկ Պույայի զեկույցում  նշվում է այն մասին, որ  բժշկական ոլորտում  թույլ է զարգացած արմատականմության դեպքերի  հայտնաբերման եւ նախազգուշացման քաղաքականությունը,  իսկ համալսարաններում այն ընդհանրապես բացակայում է:

Սպորտի ոլորտում արմատականությունը կարող է տարբեր ձեւերով դրսեւորվել. որպես օրինակ թերթը նշում է հանդերձարաններում հավաքական աղոթքները, մարզուհիների մուսուլմական գլխաշորերը եւ այլն: Զեկուցողները կոչ են անում անհապաղ գիտակցել երկրում իսլամիզմի աճը:

Հեղինակների հանձնարարականները

Խորհրդարանական զեկույցի հեղինակներից մեկը՝ Էրիկ Դիարը, Le Figaro թերթի հարցազրույցում պետական կառույցների աշխատակիցներին բաժանել է երեք կարգի։ «Կանաչների» կարգում նա մտցրել է այն ծառայությունները, որտեղ արմատականացման ստուգումն ավելի արդյունավետ է դարձել։ Մասնավորապես, խոսքը ոստիկանության, ժանդարմերիայի եւ բանակի մասին է։ «Պատգամավորը «նարնջագույն» կարգի մեջ է մտցրել այն ծառայությունները, որոնցում ստուգումների համակարգը անհանգստություն է առաջացնում։ Էրիկ Դիարը այդպիսին է համարում երկաթուղային (SNCF) եւ քաղաքային (RATP) տրանսպորտը, ինչպես նաեւ կրթության հատվածը։ «Կարմիր» կարգում հայտնվել են քրեակատարողական ծառայությունները, որտեղ հիմնական խնդիրները վերաբերում են բանտարկյալների շրջանում արմատականացման դեպքերի նույնականացմանը։
Պետական կառույցների բոլոր աշխատակիցները, որոնք կապ ունեն երիտասարդության եւ «խոցելի» մարդկանց հետ աշխատանքին, պետք է ստուգման ենթարկվեն Ֆրանսիայում 2017-ին ստեղծված անվտանգության հատուկ ծառայությունում։ Դա զեկուցողների գլխավոր հանձնարարականներից է։ Նրանք նաեւ առաջարկում են շտապ աշխատանք իրականացնել բանտերում, որտեղ այժմ հատուկ հսկողության տակ են գտնվում ահաբեկչության մեջ մեղադրվողներ, բայց, ինչպես կարծում են զեկույցի հեղինակները, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այլ հոդվածներով դատապարտվածներին, որոնք արմատականության նշաններ են ցուցաբերում։

Քրեակատարողական համակարգը Ֆրանսիայում համարվում է ամենախոցելին։ Մարտից այնտեղ տեղի են ունեցել երկու ահաբեկչություններ։ Արմատականության դեպքեր են նկատվել ինչպես բանտարկյալների, այնպես էլ հսկիչների շրջանում։ Այսօր ֆրանսիական բանտերում 511 բանտարկյալ, այդ թվում՝ 51 կին կա, որոնց մեղադրանքները կապված են ահաբեկչության եւ կրոնական արմատականության հետ։ Բացի նրանցից, քրեակատարողական հիմնարկներում տարբեր գնահատականներով մոտ 1000-2000 մարդ կա, որոնք մեղադրվել են այլ հոդվածներով, բայց արմատական հայացքներ են ցուցաբերել։

Զեկուցողներն առաջարկում են բարձրացնել պահանջները քրեակատարողական հաստատություններում աշխատակիցներ ընդունելիս եւ նրանց հանդեպ նախնական ստուգում իրականացնել անվտանգության առումով։ Պատգամավորները նաեւ խորհուրդ են տալիս քրեակատարողական ծառայություններում ստեղծել հատուկ կենտրոն, որը կզբաղվի արմատական հայացքներ ունեցող անձանց հետեւելով, տեղեկացնում է Ֆրանսիական միջազգային RFI ռադիոն։