ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հրավիրել է հանդիպման Հյուսիսային եւ Հարավային Կորեայի սահմանին, տեղեկացնում է BBC News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի Թվիթերի գրառմանը։
«Մի քանի շատ կարեւոր հանդիպումներից հետո, ներառյալ իմ հանդիումը Չինաստանի նախագահ Սիի հետ, ես մեկնելու եմ Հարավային Կորեա (հանդիպելու նախագահ Մունի հետ)։ Այդ ուղեւորության ժամանակ, եթե Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմը տեսնի սա, ես կհանդիպեի նրա հետ, պարզապես որպեսզի սեղմեմ ձեռքն ու ասեմ՝ «ողջույն»,- գրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահը շաբաթ օրը երկօրյա այցով պետք է մեկնի Հարավային Կորեա G20-ի գագաթաժողովից հետո։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման քննարկումը, ըստ երեւույթին, ասնպասելի քայլ էր։
Թրամփը մեկնաբանել է գալիք հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի հետ աշխատանքային նախաճաշից առաջ։
«Եթե նա այնտեղ լինի, մենք կտեսնվենք երկու րոպե, եւ դա հիանալի կլինի»,- ասել է նա լրագրողներին։





























