«Մեծ քսանյակի» երկրներն ափսոսում են աշխարհում քաղաքական եւ տնտեսական իրադրության վատթարացման համար, մասնավորապես առեւտրային վեճերի թվի աճի եւ աշխարհաքաղաքական լարվածության սաստկացման: Այս մասին նշված է հունիսի 29-ին Օսակայում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում, հայտնում է DW-ն:
Բարձր մակարդակով այս հանդիպման գլխավոր թեմաներից մեկն էր ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային վեճը, որը բացասաբար է անդրադառնում ամբողջ համաշխարհային տնտեսության վրա: Վեճերի առարկա է դարձել կլիմայի պաշտպանության հարցը, չնայած այս հարցում հաջողվել է փոխզիջում գտնել: Ամփոփիչ փաստաթղթում «Մեծ քսանյակի» անդամ 20 երկրներից 19-ը հանդես են եկել կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրի աջակցությամբ: ԱՄՆ-ն, ինչես եւ նախկինում, հայտարարել է, որ չի ընդունում դրա դրույթները: Գագաթնաժողովի շրջանակում քննարկվել են նաեւ Հյուսիսային Կորեան եւ Սիրիայում ու Ուկրաինայի արեւելքում ռազմական հակամարտությունները:
Ընդ որում՝ G20-ի երկրները չեն կարողացել միասնական ձեւակերպման հանգել հովանավորչության դատապարտման հարցում: Ամփոփիչ հռչակագրում նրանք միայն կոչ են արել հասնել առեւտրային ազատ եւ արդար միջավայրի ստեղծման: Շուկաները պետք է բաց մնան, չնայած վերջին շրջանում առեւտրային ոլորտում լարվածությունը սաստկացել է, նշված է փաստաթղթում:





























