Սեւծովյան նավատորմի ուժերը սկսել են հետեւել ամերիկյան «Քարնի» ականակրին վերջինիս՝ Սեւ ծով մուտք գործելուց անմիջապես հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:

Նշվում է, որ ականակրի գործողությունները վերահսկելու են «Սմետլիվի» պահակային նավը, ինչպես նաեւ էլեկտրոնային եւ տեխնիկական միջոցները:

Կենտրոնի տվյալներով՝ «Քարնի» ականակիրը մուտք է գործել Սեւ ծովի ջրեր հունիսի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով 19.20-ին:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Սեւ ծովում ամերիկյան ականակրի գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 21 օրը:

Համաձայն Միացյալ Նահանգների Վեցերորդ նավատորմի կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Քարնին» պետք է մասնակցի Sea Breeze 2019 ռազմածովային վարժանքներին, որոնք կմեկնարկեն հուլիսի 1-ին:

2019 թվականին Սեւ ծովի ջրերում դա ամերիկյան ռազմական նավի արդեն հինգերորդ «այցն» է: Վերջինը տեղի էր ունեցել ապրիլին, երբ Բուլղարիայի եւ Վրաստանի Ռազմածովային ուժերի հետ պետք է մասնակցեր Սեւ ծովի ավազանում տեղի ունեցող ուսումնավարժանքներին: