ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ռեկորդային նշագծի է հասել տնտեսական հաջողությունների շնորհիվ: Այս մասին վկայում են ABC հեռուստաալիքի եւ The Washington Post թերթի պատվերով Langer Research Associates-ի անցկացրած հարցումների արդյունքները, հաղորդում էՏԱՍՍ-ը:
Հարցման արդյունքների համաձայն՝ Թրամփի աշխատանքին հավանություն են տալիս հարցվածների 44%-ը: Հակառակ դիրքորոշում ունեն հարցվածների 53%-ը:
Հետազոտողների գնահատականների համաձայն՝ Թրամփի վարկանիշի աճը կապված է տնտեսական ոլորտում նրա քաղաքականության հետ:
Հեռանկարներ ընտրություններին
Հարցվածներին հարց են ուղղել նաեւ այն մասին, թե որ թեկնածուին են աջակցելու 2020 թվականի նախագահական ընտրություններում:
Հարցման արդյունքների համաձայն՝ Թրամփը պարտվել է 5 նշված քաղաքական գործիչներին՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, սենատոր Բեռնի Սանդերսին, սենատոր Էլիզաբեթ Ուորրենին, Սաութ-Բենդի քաղաքապետ Փիթ Բուտտեջաջին եւ սենատոր Քամալա Հարրիսին:
Սանդերսը, հարցման արդյունքների համաձայն, կհաղթի Թրամփին՝ հավաքելով ձայների 51%-ը:
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:





























