Վրաստանի ռեստորանների եւ հյուրանոցների ֆեդերացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին հայտնել է, որ այսօրվանից ռուս զբոսաշրջիկները սկսել են զանգվածաբար չեղարկել վրացական հյուրանոցներում ամրագրումները. հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի թբիլիսյան այցից հետո սկանդալի եւ մասշտաբային ցույցերի ֆոնին ՌԴ իշխանություններն արգելել էին երկու երկրների միջեւ ավիահաղորդակցությունը սկսած հուլիսի 8-ից: Ռուսաստանյան տուրօպերատորներին հրահանգել էին դադարեցնել տոմսերի վաճառքը, իսկ կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիներին տարհանել հայրենիք:

«Այսօր առավոտվանից արդեն մեզ հետ նույնիսկ չեն շփվում: Պարզապես չեղարկում են ամրագրումները… Մենք աշխատում ենք այդ երկրի համար, հարկեր վճարում եւ փորձում առավելագույնս ներկայացնել վրացականը, փորձում ենք խթանել վրացական արտադրությունը եւ այլն:  

Կառավարություն կամ ընդդիմություն, կարող եք վիճել միմյանց հետ եւ մեզ թույլ տալ մեր գործով զբաղվել: Խոստանում ենք, որ կպահենք եւ՛ նրանց, եւ՛ նրանց, երկուսի համար բավական են մեր վճարած հարկերը: Ամեն ինչ լավ կլինի, եթե թույլ տաք զբաղվենք բիզնեսով, եւ երկիրը չտուժի ձեր կուսակցական կրքերի պատճառով»,- ֆեյսբուքում գրել է Ալավերդաշվիլին:

Ռուսական իշխանությունների տվյալներով՝ ավիահաղորդակցության որոշման պահին Վրաստանում մոտ 54 հազար ռուսաստանցի է գտնվել:

Վրաստանը կարող է մինչեւ տարեվերջ 1 մլն ռուս զբոսաշրջիկ կորցնել եւ մոտ 2 մլրդ լարի (մոտ 700 մլն դոլար):