Երեւանի եւ Մոնրեալի միջեւ հետագա համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման եւ մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Կանադայում հայկական թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը քաղաքապետին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետի պատրաստակամությունը` Երեւանի եւ Մոնրեալի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու քաղաքների միջեւ փոխշահավետ գործակցություն ծավալելու առումով:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ գործընկեր քաղաքների միջեւ ձեւավորված հարաբերությունները պետք է լինեն առարկայական եւ ստանան համագործակցության նոր որակ ու ընթացք:
Նա հյուրին է ներկայացրել քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջերս ներդրված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակները. «Այս նախաձեռնության միջոցով մենք ցանկություն ունենք, որ յուրաքանչյուր անհատ Երեւանում, թե Երեւանի սահմաններից դուրս իր կարողությունների չափով օգնի իր դպրոցին»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Կանադայում հայկական թեմի առաջնորդը ողջունել է քաղաքապետի այս ձեռնարկը. «Ես այս քաղաքի զավակն եմ եւ ես մեծ ուրախությամբ կկատարեմ իմ հանգանակությունը` օգնելու իմ հարազատ դպրոցին»,- նշել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, խոստանալով, որ այս նախաձեռնության մասին կտեղեկացնի նաեւ Կանադայի հայ համայնքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Երեւանում Մոնրեալի այգի ստեղծելու ծրագրի հետ կապված հարցեր: Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը կպատրաստի եւ կանադական կողմին կներկայացնի համապատասխան նախագիծ:





























