Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով գյուղական վարկերի ձեռք բերման պայմաններն ավելի հստակեցվել են, դրանք կտրվեն ավելի ցածր տոկոսադրույքներով ու մարման ավելի օպտիմալ ժամկետներով: Այս մասին Շիրակի մարզում ֆերմերների ու գյուղապետերի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը:
Ըստ փոխնախարարի` սա հերթական ձեռնարկն է, որ միտված է ապացուցելու գյուղացուն, թե պաշտոնյաները դեմքով շրջվել են գյուղ ու օգնելու են, որ գյուղացին արտադրողից գործարար դառնա:
Գյուղական վարկերի բարձր տոկոսադրույքներից դժգոհում են Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերում: Շատերը վարկեր են վերցրել հողագործության համար եւ վճարել են՝ իրենց անասունները մորթի ենթարկելով: Այժմ գյուղացուն գյուղատնտեսություն սկսելու համար գյուղվարկ են առաջարկում 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսն, ըստ պաշտոնյայի, սուբսիդավորելու է կառավարությունը:





























