Վերջին ամիսներին արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող ժողովրդական ընդվզումները եւ իշխանափոխությունների գործընթացները, աշխարհում, եւ ի մասնավորի մեր տարածաշրջանում ռազմա–քաղաքական եւ ֆինանսա–տնտեսական որոշակի լծակներ ունեցող պետություններին պարտադրեցին մոտեցումների վերանայման։ Այդ փոփոխությունները իրենց դրոշմը թողեցին նաեւ Հայաստանի Հանրապետության եւ իշխանությունների եւ քաղաքական ընդդիմության գործունեության մեջ եւ մարտավարական քայլերում։ Այդ մասին ասված է «Սարդարապատ» շարժման տարածած հայտարարության մեջ:
Շարժումն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված նոր իրավիճակում դարձել է շատ ավելի կառավարելի եւ վերասհսկելի օտարների կողմից։ «Ուստի երկրի եւ ազգի ապագան գործնականում օտարների ձեռքը տնօրինման հանձնելու գործելաոճը կործանարար է եւ հղի Հայոց պետականության կորստով։
Օտարների բարեհաճությունը մուրացող որեւէ քաղաքական ուժի եւ ղեկավարի կեցվածքը, որը հենվում է սեփական անլիարժեքության բարդույթի վրա, արժանի է միայն հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացիների արհամարհանքին»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել. «2012թ. եւ 2013թ. Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրություններին այսօրվանից պատրաստվող թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը հավասարապես կրում են պատասխանատվություն ժողովրդին հերթական անգամ խաբելու, ընտրությունները կեղծելու եւ իշխանությունը ժողովրդից խլելու ու մենաշնորհելու մեջ»։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը մեկ անգամ եւս վերահաստատել է, որ կազմավորվող վերկուսակցական, համազգային եւ դիմադրական «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու որեւէ համապետական ընտրության, քանի դեռ ժողովրդի կամքի պարտադրմամբ չի տապալվել իշխող ռեժիմը։ Վերահաստատում ենք նաեւ, որ «Սարդարապատ» շարժումը չի հանդիսանում եւ չի հանդիսանալու որեւէ քաղաքական միավորման մաս»,- ասված է հայտարարության մեջ:





























