Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել Ամուլսարի թեմայով։ Նախ նա գնաց ՔՊ գրասենյակ՝ փակ հանդիպման, վերջում էլ լրագրողներին հարցերին չպատասխանեց, ասաց՝ ուշանում եմ ։ Պաշտոնական հաղորդագրությունից դատելով՝ ուշանում էր Ջերմուկի բնակիչների հետ հանդիպումից ։ Նրանց ճանապարհելուց հետո Փաշինյանն ընդունեց նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչներին ։ Թե այս հանդիպումները ինչ արդյունք են տվել, որոշակի բան դեռեւս չի հրպարակվել։

Երեկ «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամներ Ժիրայր Սէֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ՝ ըստ հաղորդագրության՝ քննարկելու հայաստանյան քաղաքական իրավիճակը:

Չուգասզյանը հանդիպումից հետո հայտարարել է, որ առաջիկայում ավելի ինտենսիվ են հանդիպելու, ասել է՝ Փաշինյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ։ 

Պուտինի այցից առաջ հակառուսական դիրքորոշմամբ հայտնի «Սասնա ծռերի» հետ Փաշինյանի հանդիպումը արդյոք բացասական ֆոն չի ստեղծի։ Լրագրողները հարց ուղղեցին  ԱԳ նախարարին։

Հաջորդ ինտրիգային հարցը նախարարին՝ ինչպես կարձագանքի հայկական կողմը, եթե Երեւան ժամանած Պուտինը ցանկություն հայտնի հանդիպել անազատության մեջ գտնվող Քոչարյանին:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին Զոհրաբ Մնացականյանից՝ Պուտինը պայման դրե՞լ է Հայաստանի իշխանությունների առաջ՝ մինչև իր այցը ազատել Քոչարյանին։

Զոհրաբ Մնացականյանը նաեւ հայտնեց, որ շուտով հանդիպում է նախատեսվում Ադրբեջանի արտգործնապարարի հետ։ Կոնկրետ ժամկետի մասին, ասաց, պայմանավորվածություն կա տեղեկացնել միաժամանակ։

Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Պատգամավորը հայտարարել է, որ խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի հետևանքներով: Նա նաեւ նշել է, որ խմբակցությունից հեռանալու իր որոշման մասին կհայտարարի Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին։

Շուտով ԼՀԿ-ն արձագանքեց՝ հույս հայտնելով, որ Արման Բաբաջանյանը նույնքան սկզբունքային կլինի եւ կվերադարձնի իրենց ցուցակով ստացած մանդատը։ Ավելի ուշ պարզվեց՝ այլ տարբերակ էլ չունի, քան վերադարձնելը, սա՝ ըստ Էդմոն Մարուքյանի։

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տավուշի մարզպետը։ Հիշեցնենք, որ Իջեւանի քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցված` պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով։ Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին :

Երեկ NEWS.am-ի տեղեկություններով անկարգություններ են տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Կալանավորները բունտ են սկսել՝ ի պաշտպանություն, այսպես կոչված, «զոն նայողների»։ Հանրապետության մյուս ՔԿՀ–ներում ևս լարված իրավիճակ էր։ Այս տեղեկություննները պաշտոնապես հաստատվեցին, Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝  առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դրանք դադարեցվել են։ Այժմ իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Այս բունտը ամենայն հավանականությամբ կառավարության նախագծի դեմ էր, որը սպառնում է վերացնել քրեական աշխարհը՝ իր տիտղոսներով ու հիերարխիայով՝ այսպես կոչված «օրենքով գողից» մինչեւ «մատաղի փող հավաքողներ»։

Երեկ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը հյուրընկալեց Իտալիայի ընտրանուն, եւ հենց խաղի սկզբում՝ 10-րդ րոպեին, Ալեքսանդր Կարապետյանը առաջ մղեց Հայաստանին։ Ցնծությունը հասավ մինչեւ կառավարական օթյակ, որտեղ վարչապետ Փաշինյանն էր՝ Ուեֆայի նախագահի հետ։ Բայց սա միակ ուրախությունն էր, որ պարգեւեցին մեր ֆուտբոլիստները, իտալացիները առաջին խաղակեսում հավասարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ Ալեքսանդր Կարապետյանը երկրորդ դեղին քարտից հետո հեռացվեց խաղադաշտից: Երկրոդ խաղակեսում մեր թիմը 10 հոգով բաց թողեց եւս 2 գնդակ։ Այժմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Իտալիան 15 միավորով առաջատար է: Ֆինլանդիայի հավաքականը 9 միավորով երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը 6 միավորով երրորդ տեղում է: Չորսական միավոր ունեն Հունաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներն, իսկ Լիխտեյնշտեյնն առանց միավորի վերջին տեղում է:

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 525  դրամ է, բրիտանական ֆունտը՝ 586, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 22 դրամ։

Հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +17+19, վաղը ցերեկը՝ +27+29։