Թբիլիսին հետ չի կանգնի իր սկզբունքներից` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության բանակցությունների հետ կապված: Անդամակցելու համար Ռուսաստանը պետք է ճկունություն ցուցաբերի, հասկացրել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Foreign Policy հանդեսի The Cable բլոգին տված հարցազրույցում:
Նա հեգնանքով նշել է, թե Ռուսաստանը հույս ուներ շրջանցել Վրաստանին եւ պայմանավորվել միայն ԱՄՆ-ի հետ: «Ռուսները մտածում են. «Ձեզ հետ պայմանավորվենք, իսկ Վրաստանը փաթեթի մի մասն է»: Ես որոշ ռուսներից լսել եմ, որ բավական է Բայդենի մեկ զանգը, որ Սահակաշվիլին լռի»,- ասել է Սահակաշվիլին:
Սակայն ամերիկացիները հասկացրել են, որ նման պայմանավորվածություններ չեն լինի, եւ ԱՄՆ դիրքորոշման շնորհիվ Մոսկվան ստիպված է նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Նշենք, որ բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է մայիսին:





























