Երեւանի զբոսայգիներում շատ շուտով (երբ դրանք վերջնականապես կարդիականացվեն եւ եղանակներն էլ ավելի կտաքանան), մարդկանց հաճելի ժամանցը կապահովեն այգիներում հատուկ այդ նպատակով տեղակայված նվագախմբերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ վերջերս նախաձեռնված համատեղ այս ծրագրին։

Նրա խոսքով, երաժիշտներ տրամադրելու պայմանավորվածություն ձեռք է բերվել երաժշտական դպրոցների հետ։ «Մեր նպատակն այն է, որ երեւանցին պուրակներում եւ այգիներում լավ զգա իրեն։ Ընդ որում, փորձելու ենք ծրագրի մեջ ներառել առավելագույն  թվով այգիներ»,- ասաց Երեւանի քաղաքապետը:

Նշենք, որ զբոսայգիներում նվագախմբեր ունենալու քաղաքապետի հետ համատեղ ծրագրի մասին ավելի վաղ հայտարարել էր երգահան Ռոբերտ Ամիրխանյանը՝ ընդգծելով, որ ինքն անչափ ոգեւորված է քաղաքապետի առաջարկից, «մարդկանց հոգիներին ոչ թե սպասարկման, այլ հոգեւոր երաժշտություն մատուցելու հնարավորությունից»։

Հարցին, թե ո՞վ է հոգալու երաժիշտներին վճարելու հարցը, քաղաքապետն ասաց. «Տարբեր, տեղ կա կվճարենք, տեղ կա, սաներն իրենք ուրախ կլինեն նվագել այգիներում, դա նրանց էլ հաճելի կլինի»։