Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:

Այցի մանրամասների մասին չի հաղորդվում:

ԿԽՄԿ գրասենյակի տեղեկատվական բաժնի ղեկավար Իլահի Հուսեյնովայի խոսքով, այցելել են երեք հայ ռազմագերիների եւ մեկ ընտանիքի հինգ անդամների, հետաքրքրվել առողջությամբ եւ պահման պայմաններով:

Նշենք, որ մարտի 17-ին Հայաստանն Ադրբեջանին է հանձնել զինծառայող Անվար Հաջիեւին, իսկ Ադրբեջանը` հայկական կողմին` Արթուր Բադալյանին:

Ներկայումս Ադրբեջանում են գտնվում 3 հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 քաղաքացիական անձինք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները: