Երեւանում ապրիլի 3-8-ին կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային 9-րդ փառատոնը: Միջազգային «Արմմոնո» առաջին փառատոնը, որի հիմնադիրը ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն է, անցկացվել է 2003թ:
«Արմմոնո»-ում կներկայացվի 17 ներկայացում` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Լիտվայի, Եգիպտոսի եւ Հայաստանի դերասանների մասնակցությամբ: Փառատոնը կբացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմայերը /Գերմանիա/: Թատերասեր հանրության դատին կհանձնվի «Վերթեր» մոնոներկայացումը: Փառատոնի շրջանակներում հանդես կգա` Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը «Լսելով հեռուն» մոնոներկայացմամբ: Ռուսաստանից հանդես կգա նաեւ դերասանուհի Իրինա Եվդոկիմովան «Ոչ ոք» մոնոներկայացումով:
Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է անվանի դերասանուհի Վերոնիկ Դանիելի «Ցանկությունների երաժշտություն» (Ֆրանսիա), Ժան Պոլ Շին Տյուի «Առաջին մարդը» (Ֆրանսիա), Գաբրիելա Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Լեհաստան), Սամաա Իբրահիմի «Կարմեն» (Եգիպտոս), Բիրուտե Մարի «Ունե» (Լիտվա), Հովարդ Ռիպպի «Ջիմփել հիմարիկը» (Իսրայել) ներկայացումները:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում` հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ», Սամվել Բաղինյանը` «Ֆիեստա», Մարիամ Ղազանչյանը` «Մարսել», Հասմիկ Վերդյանը` «Սեւիլուհին…», Ռոբերտ Հակոբյանը` «Ձեզ եմ դիմում…», Գրետա Մեջլումյանը` «Ծառերը», Նարեկ Ներսիսյանը` «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումներով: «Միհր» թատրոնը հանդես կգա «Պիեսներ մահվան մասին» մոնոներկայացումների շարքով:




























