Համաշխարհային բանկի աջակցությամբ Ֆինլանդիայի Ուլուի  համալսարանի եւ Խ. Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի միջեւ ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի  համալսարանում կիրականացվեն ուսումնական ծրագրեր մինչեւ 2012թ. նոյեմբերը: Համաձայնագրի նպատակն է մանկավարժական կրթական գործընթացը համապատասխանեցնել եվրոպական պահանջներին: Այս մասին այսօր` ապրիլի 1-ին հայտարարել է մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միզախանյանը` Կառավարությունում տեղի ունեցել միջբուհական կոնսորցիումի աշխատանքների հետագա կազմակերպման ու խորացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցությունը վարել է  վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են մանկավարժական կրթության կատարելագործման տեսլականը միջբուհական կոնսորցիումի աշխատանքների շրջանակում եվրոպական բուհերի հետ համագործակցության,  «Մանկավարժության եւ հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի՝ միջազգային գիտական պարբերականի չափորոշիչներին համահունչ արդիականացման կոնսորցիումի հեռանկարներին վերաբերող հարցեր։

Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, անդրադարձ է եղել նաեւ  միջբուհական կոնսորցիումի անդամ բուհերում կրթական ծրագրերի միասնականության եւ համակարգվածության աշխատանքների աջակցությանը միտված ծրագրերին:

Կրթական ոլորտում ներդրած նշանակալից ավանդի համար վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգեւատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալով:

Խորհրդակցությանը մասնակցում էին  Խ. Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ  մարզերում ու Արցախում գործող  մանկավարժական  համալսարանների ռեկտորներ: