Ավստրիայի նախագահի՝ մայիսին Թուրքիա կատարելիք այցից առաջ պահանջ է ներկայացվել Անկարային՝ հետ կանչել իր դեսպանին։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Ավստրիան դիվանագիտական տարբեր աղբյուրներով հասկացրել է Անկարային, որ մինչ Ավստրիայի նախագահի այցը Թուրքիա՝ պետք է հետ կանչվի ամիսներ առաջ Die Presse պարբերականին տված հարցազրույց տված Ավստրիայում Թուրքիայի դեսպան Էջեւիթ Թեզջանը։ Ավստրիական կողմը սպառնացել է, որ հետ չկանչվելու դեպքում կվտանգվի Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի այցը։
Հիշեցնենք, որ թուրք դեսպանը հարցազրույցի ընթացքում քննադատել էր ներգաղթյալների հետ կապված Ավստրիայի քաղաքականությունը՝ նշելով, թե թուրքերի նկատմամբ վերաբերվում են ինչպես վիրուսի։ «Եվրոպայի մշակութային կենտրոնն եք, սակայն ծայրահեղ աջերը մոտ 30 տոկոս ձայն են հավաքում։ Ես ՄԱԿ-ի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը լինեի, ավստրիացիներին այստեղ չէի թողնի։ Պետք է սովորեք ապրել օտարերկրացիների հետ»,-նշել էր Ավստրիայում Թուրքիայի դեսպանը։
Թուրք դեսպանի այս հարցազրույցը խիստ վրդովվեցրել էր Ավստրիայի քաղաքական ուժերին, որոնց մի մասը պահանջում է դադարեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները։





























