Լիբիական Ջամահարիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիները իրենց հորն իշխանությունից հեռացնելու պլան են մշակել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։

Պարբերականի տվյալներով, տապալման պլանի հեղինակները Սեյֆ ալ-Իսլամ եւ Սաադի ալ-Քադաֆիներն են։ Սաադին Լիբիայի հատուկ ուժերի հրամանատարն է, նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել։ Նրանք երկուսն էլ ներկայացված են եղել  Լիբիայի նախագահի թեկնածուի ցուցակում։

Քադաֆիի որդիների պլանի անուղղակի հաստատում է դարձել Սեյֆ ալ-Իսլամի օգնական Մոհամեդ Իսմայիլի՝ Լոնդոն կատարած այցի մասին հաղորդագրությունը։ Թերթի տվյալներով, խորհրդականը Մեծ Բրիտանիայի դիվանագիտական շրջանակներին է ներկայացրել պլանը, համաձայն որի` Լիբիայի իշխանությունն անցնելու է Սեյֆ ալ-Իսլամին, ինչից հետ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացվելու։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբիայից Մեծ Բրիտանիա էր փախչել ԱԳ նախարար Մուսա Կուսան։

Քադաֆին ունի յոթ որդի, նրանցից գրեթե բոլորն էլ ներկայացված են Լիբիայի իշխանական մարմիններում կամ զինված ուժերի ղեկավարությունում։

Մուամար Քադաֆիի վարչակազմի դեմ ժողովրդական հուզումները սկսվել էին 2011 թվականի փետրվարի կեսերին։