Ղազախստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին։ Ինչպես ասված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, ընտրությունների ընթացքում գրանցվել են նույն  թերությունները, ինչ որ նախորդ տարիներին։

ԵԱՀԿ դիտորդները նշում են, որ տեխնիկական տեսանկյունից, ընտրությունները բավարար են կազմակերպվել, սակայն ընդդիմությունը դրանց  լիարժեք չի մասնակցել։ Նախընտրական ցուցակներում հայտնված թեկնածուները չեն ջանացել մրցակցել գործող նախագահ Նուրսուլթան  Նազարբաեւի հետ։

Կազմակերպությունը նշել է նաեւ մի շարք միջադեպերի մասին, երբ միջազգային դիտորդներին  թույլ չեն տվել մուտք գործել ընտրատեղամասեր։ Գրանցվել են քվեատուփերի լցոնման դեպքեր։

Ընտրությունների շրջանակներում, Ղազախստան ժամանած ԵԱՀԿ առաքելության ղեկավար Դաան Էվերտը նշել է, որ «դրանք չեն անցել այն մակարդակով, որին սպասում էին», հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ղազախստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռեւս հայտնի չեն, սակայն արդեն այժմ Նազարբաեւի հաղթանակի վրա ոչ ոք չի կասկածում։ 70-ամյա Նազարբաեւը, ով երկիրը ղեկավարում է խորհրդային տարիներից, ստացել է ընտրողների 95,5 տոկոս ձայները։