Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը դեմ է ընտրություններին մասնակցած մարդկանց անուններով ցուցակներ փակցնելու նախաձեռնությանը։ «Դա կխախտի գաղտնի քվեարկության սկզբունքը»,- ապրիլի 4-ին բանավեճի ժամանակ հայտարարեց Սահակյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով։

Նա նշեց, որ իշխանությունը «չի կարող մասերի կիսվել, որպեսզի բավարարի բոլոր առաջարկները», որոնք հարյուրներով ստացվել են ինչպես ընդդիմությունից, այնպես էլ` շահագրգիռ կազմակերպություններից:

Սահակյանը դրական փաստ համարեց այն, որ օրենսգրքում ավելացվում է ընտրական գործընթացի տեսանկարահանման վերաբերյալ կետը։ «Եթե վստահված անձինք ամեն բան նկարահանեն, իսկ հետո այդ նյութը կցեն խախտումների վերաբերյալ գործին, ապա դա լիարժեք ապացույց կդառնա»։

Ասուլիսին ներկա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր հերթին նշեց, որ մի շարք երկրներում՝ Ավստրիայում, Ավստրալիայում եւ Բելգիայում ընտրությունների չմասնակցած մարդկանց պատասխանատվության են ենթարկում։ «Նրանք 10 տարով զրկվում են քվեարկելու իրավունքից»,- նկատեց քաղաքական գործիչը։

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ հետապնդումների մասին է խոսքը եւ ինչո՞վ է հղի ընտրողների ցուցակները պատին փակցնելը, Սահակյանը նշեց. «Դա հայ իրականության դրսեւորում է։ Օրինակ, գյուղերում բնակչությունը փոքր է։ Վերահսկողությունը՝ ով է ընտրություններին մասնակցել եւ ով՝ ոչ, կարող է վերաճել կոնֆլիկտների»։

Պատգամավորը, սակայն, այդպես էլ չկարողացավ պատասխանել այն հարցին, թե կա՞ն մարդիկ, ովքեր հետապնդումների են ենթարկվել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո անձնագրերում կնիքներ ունենալուց հետո։

«Այդ հարցը պատասխան չունի»,- նրա փոխարեն պատասխանեց Արամ Կարապետյանը։

«Իհարկե ես պատասխան ունեմ։ Ես մասնակցել եմ քվեարկությանը... Բնականաբար, ինձ չեն հետապնդել»,- նշեց Սահակյանը։

Նշենք, որ մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ  ընդունել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին կոալիցիոն նախագիծը։