Իշխանությունները թող նշեն, թե որքա՞ն մարդ են ուզում փողոց դուրս հանի Հայ ազգային կոնգրեսը, որպեսզի թողնեն ու հեռանան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 5-ին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը `պատասխանելով ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարություններին, թե չեն հեռանա իշխանությունից, քանի որ հեռացողը մինչեւ այժմ եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Գիտեք, Հիտլերն էլ չէր ցանկանում հեռանալ, Քադաֆին էլ չի ուզում: Կա համառության աստիճան, որից հետո այդ համառությունը դառնում է ոչ միայն հիմարություն, այլ նաեւ հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ: Այդ հանցագործությունը կատարեց Հիտլերը, այս պահին կատարում է Քադաֆին»,-նկատեց ՀԱԿ համակարգողը:
NEWS.am-ի հարցին, թե ՀԱԿ-ը մոտավոր տվյալներ ունի՞, թե ինչպիսին է հասարակության տրամադրվածությունը եւ քանի՞ հազար մարդ է ապրիլի 8-ի հանրահավաքին մասնակցելու, Զուրաբյանն արձագանքեց. «Հասարակության տրամադրվածությունը շատ լավ է, առաջին օրերին նրանց վրա ազդել էլ էր կեղծ պրոպագանդան, որն սկսել էր իշխանությունը, թե` արդեն իսկ երկխոսություն է ծավալվել իշխանությունների հետ: Բայց դա արդեն հաղթահարվում է: Մի բացասական ֆակտոր կա`սկսել են գյուղատնտեսական աշխատանքները: Գյուղացիները, միգուցե իրենց հոգսերով տարված գուցե եւ չկարողանան գալ հանրահավաքի: Բայց սա այնպիսի գործ է, որ կարելի է այդ մեկ օրը զոհաբերել»,-առաջարկեց Զուրաբյանը:
Հարցին, թե` եթե 200 հազար մարդ էլ մասնակցի ապրիլի 8-ի հանրահավաքին, մի՞թե ՀԱԿ-ը նրանց նորից չի ասելու` «ցտեսություն, գնացեք տուն», ՀԱԿ համակարգողը պատասպանեց. «Եթե 200 հազար մարդ գա հանրահավաքին, ցտեսություն կասենք իշխանությանը»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 8-ին, ժամը 18-ին, Մատենադարանի մոտ:





























