Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ նարկոբարոն Հոաքին «Էլ Չապո» Գուսման Լոերան ուներ նույնչափ իշխանություն, որքան երկրի նախագահը, հաղորդում է FoxNews-ը:
Ազգին ուղղված տեսաուղերձում Լոպես Օբրադորը պատմել է առաջին տարվա ընթացքում իր վարչակազմի հաջողությունների մասին եւ ընդգծել խնդիրները, նախ, ավելացող բռնությունը: Նրա խոսքով՝ իշխանություններին հաջողվել է վերջ տալ կոռուպցիային բարձր մակարդակում, որը տարածված էր նախորդ կառավարություններում: Նա նշել է, որ չափազանց կարեւոր է գծել քրեական տարրերի եւ իշխանությունների միջեւ հստակ սահմանները:
«Կար ժամանակ, երբ Գուսմանն ուներ նույնչափ ազդեցություն, որն ունի ներկայիս նախագահը, քանի որ կար դավադրություն, եւ դա բարդացնում էր հանցագործներին պատժի ենթարկելու գործընթացը: Սակայն դա այլեւս պատմություն է»,-ասել է Լոպես Օբրադորը:
Ըստ ամենայնի՝ նա նկատի ուներ Մեքսիկայի հանրային անվտանգության նախկին նախարար Հենարո Գարսիա Լունային:
Գարսիա Լունան զբաղեցնում էր հանրային անվտանգության նախարարի պաշտոնը նախագահ Ֆելիպե Կալդերոնի օրոք 2006-2012 թթ.: Նա մեղադրվել էր կոկաինի ապօրինի շրջանառության եւ կեղծ վկայություններ տալու մեջ: Լունան, որը բնակվում էր ԱՄՆ-ում, ձերբակալվել էր Տեխասում:
Ամերիկյան դատախազները պնդում են, որ նա ստացել էր միլիոնավոր դոլարների հասնող կաշառք Գուսմանի կարտելի կողմից Սինալոայում եւ փոխարենը թույլ տվել նրան գործել առանց խոչընդոտների:
Գուսմանը մեղադրվել էր թմրավաճառության մեջ Նյու Յորքում: Անցած տարի նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման:




























