Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը համարում է, որ կան «նախանշաններ, որ Իրանը կամ նրա կողմից աջակցություն ստացող ուժերը կարող են նախապատրաստել լրացուցիչ հարվածներ»։ Նա նշել է, որ «խաղը փոխվել է» եւ որ Միացյալ Նահանգները, հնարավոր է, ստիպված կլինեն ձեռնարկել «քայլեր ամերիկացիների կյանքը պաշտպանելու համար», հաղորդում է Reuters-ը։

«Կան որոշ նախանշաններ, որ նրանք կարող են նախապատրաստել լրացուցիչ հարձակումներ, դա նորույթ չէ․․․մենք տեսել ենք դա»,-ասել է Էսփերը լրագրողներին։ «Եթե դա տեղի ունենա, մենք կգործենք, եւ, ի դեպ, եթե մենք տեղեկատվություն ստանանք հարձակումների կամ դրանց շուրջ ցանկացած ցուցումների մասին, մենք նույնպես կձեռնարկենք նախազգուշացնող քայլեր ամերիկյան քաղաքացիներին եւ ամերիկյան ուժերը պաշտպանելու համար»։

«Խաղը փոխվել է, եւ մենք պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ մեր աշխատակիցներին, նրանց շահերն ու տարածաշրջանում մեր գործընկերներին պաշտպանելու համար»,-ասել է Էսփերը։

Այն նույն ճեպազրույցի ժամանակ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլին հայտարարել է, որ «Քաթաիբ Հեզբոլահ» կազմակերպությունը մշտական արշավ է վարում Իրաքում ԱՄՆ-ի անձնակազմի դեմ՝ սկսած, առնվազն, հոկտեմբերից։ Նա նել է, որ քիչ հավանական է, որ ինչ-որ մեկը կարողանա գրավել ԱՄՆ-ի դեսպանատունը Բաղդադում։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները Քուվեյթ էին ուղարկել 750 զինծառայողներ, իսկ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք հայտնել էին, որ առաջիկա օրերին տարածաշրջան կարող են ուղարկվել շուրջ 3000 լրացուցիչ զինծառայողներ։

Էսփերը նշել է, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բողոքի ցույցերն «անցկացրել են Իրանի կողմից աջակցություն ստացող շիիթական ապստամբները»։ Նա ասել է, որ հրթիռային հարվածները Իրաքում ԱՄՆ-ի ուժերի բազաների ուղղությամբ ղեկավարել է «իրանյան ռեժիմը» եւ, մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը։