Հայաստանի հարկային համակարգն ավելի արդարացի է դարձել, սակայն չի կարելի ասել, թե այն շատ բարենպաստ է: Այսօր` ապրիլի 15-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց Արժույթի Միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Գիլերմո Տոլոսան:
Որպես ամենանշանակալից քայլ նա մատնանշեց ֆինանսների նախարարության կազմում գանգատարկման հանձնաժողովի ստեղծումը: Այդ հանձնաժողովի կազմում ընդգրկված են հարկային մարմինների հետ կապ չունեցող մասնագետներ, որոնք հարկային վեճերի նախադատական լուծումներ են առաջարկում:
Հաջորդ դրական քայլը, ըստ Տոլոսայի, հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծումն է, որոնցում հարկատուն կարող է տեղեկատվություն ստանալ ոչ այն մարմնից, որն իրեն ստուգում է:
Դրական գնահատվեց նաեւ այն հանգամանքը, որ հարկատուներն ավելի քիչ հաշվետվություններ են լրացնում, ու ավելի պակաս պարբերականությամբ են ներկայացնում դրանք հարկային մարմնին:
Գ. Տոլոսան հավանություն չտվեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այն առաջարկությանը, ըստ որի շահութահարկից մի քանի տարով կազատվեն նորորարական ընկերությունները: Ըստ Տոլոսայի` ԱՄՀ-ն չի սիրում շահութահարկի արձակուրդներ; «Դա լրացուցիչ ռիսկ է ստեղծում` ցածր հարկահանության խնդրի առումով»,- ասաց Գ. Տոլոսան:
Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ, ըստ ԱՄՀ ներկայացուցչի, Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը շատ ցածր է, ու այս առումով մենք վերջին տեղերից մեկն ենք նախկին կոմունիստական երկրների շարքում`առաջ լինելով միայն Տաջիկստանից:



























