ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը չի մեկնաբանել «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Կարապետյանի եւ «Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմի միջեւ տեղի ունեցած միջադեպը: Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի մանրամասներին ծանոթ չի: «Մարգարիտա Խաչատրյանը հասարակական կազմակերպության նախագահ է, եւ իր գործողությունները մեկնաբանել չեմ կարող»,- նշեց նա:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էին «Հրապարակից», Մարգարիտա Խաչատրյանն այսօր ներխուժել էր թերթի խմբագրություն, ծեծկռտուք սարքել, կոտրել բաժակներն ու մարմնական վնասվածք հասցրել խմբագիր Արմինե Օհանյանին: Լրագրողները ահազանգել են ոստիկանություն, որը տեղ է հասել բավականին ուշացումով: Թերթի խմբագիրը ոստիկանությունում ցուցմունք է տվել տեղի ուենցածի առթիվ:
Մարգարիտա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ «Հրապարակ»-ի խմբագրությունում քաշքշուկ է եղել: Նա նաեւ նշել է, որ թերթում հերքում չտպվի վերը նշված նյութի վերաբերյալ, ինքը դատի կտա «Հրապարակին»: «Ես պատրաստվում եմ ցուցմունք տալ եւ իմ պատիվը պաշտպանել»,- նշել է Խաչատրյանը:




























