Եթե ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել, ապա դա անհրաժեշտություն էր: Այս մասին մարտի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ, ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը` մեկնաբանելով ոստիկանության գործողություններն Արամ Վարդանյանի տանը:
Ըստ խորհրդարանականի` պետությունն ու պետական ինստիտուտները շոույով չեն զբաղվում: «Իմ կարծիքով, եթե համապատասխան համաչափ ուժ է կիրառվել, ապա ես ենթադրում եմ, որ դա անհրաժեշտություն էր»,- ասաց Գրիգորյանը:
Ի պատասխան այն դիտարկմանը, որ ոստիկանության` Արամ Վարդանյանի տուն ներխուժելուց հետո նրա 5-ամյա թոռնուհին կորցրել է խոսելու ունակությունը, պատգամավորը ասաց, որ տուժած երեխայի մասին հարցին պետք է պատասխանի ոստիկանությունը` շեշտելով, որ դժվար թե իրավապահները ցանկացել են ինչ-որ մեկին դիտավորյալ սթրեսի ենթարկել: «Ես տեղյակ չեմ համապատասխան մանրամասներից, բայց հեռու եմ մտքից, որ մեր իրավապահ մարմիններում կան մարդիկ, ովքեր դիտավորյալ կամ առանց անհրաժեշտության ցանկանում են սթրեսի ենթարկել ինչ-որ մեկին, հատկապես` երեխային:
Այլ բան է, որ եթե որոշ գործողությունների ընթացքում տանը երեխա է լինում, ապա դրանից հնարավոր չէ խուսափել: Ես չեմ պնդում, որ հենց այս դեպքում է դա տեղի ունեցել, ես չգիտեմ` արդյոք ձեր ասացծը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Կներեք, իհարկե, բայց կարող են լինել իրավիճակներ, երբ մարդուն բերման են ենթարկում, իսկ տանը կա երեխա, կին կամ ընտանիքի այլ անդամներ կան: Սա տհաճ գործընթաց է, բայց չի նշանակում, որ ինչ-որ ապօրինի գործողություններ են իրականացվում»,- հավելեց իշխող դաշինքից պատգամավորը:











