Այս գործով բազմաթիվ թերություններ են եղել եւ դրանցից յուրաքանչյուրը բավական էր, որ քրեական հետապնդում տեղի չիրականացվի, եւ կալանքը չկիրառվի: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանիօ պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
«Ցավոք սրտի, այնպես ստացվեց, որ երկու անգամ կալանքի միջնորդությունը քննարկվեց մի դատավորի կողմից, որի անունը իր մասին շատ բան է ասում: Միշտ պնդել ենք, որ թե կալանավորման, թե քրեական հետապնդման հիմքերը բացակայել են: Ավելի հետաքրքիր ստացվեց, երբ ծանոթացանք գործի նյութերին ու տեսանք, որ ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութը ինչ տեսանյութերից է մոնտաժվել: Մենք հասկացանք, որ այդ տեսանյութերը լրիվ հակառակ բանն են ապացուցում, ինչը բավականին պրոֆեսիոնալ, բայց անբարեխիղճ մոնտաժի արդյունքում փորձել էին հանրությանը ներկայացնել այլ կերպ: Առաջիկայում հնարավորություն կունենանք արդեն դռնբաց դատական նիստերի ընթացքում անդրադառնալ այդ հարցերին եւ այդ տեղեկատվությունն ամբողջական հասանելի դարձնել»,-ասաց Խուդոյանը:
Նա հավելեց, որ քրեական գործով սպասվում են որոշակի զարգացումներ, որովհետեւ վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին: «Հույս ունեմ, որ դատախազության մեր գործընկերները այնքան հեռատես կլինեն, որ նման որակի քրեական գործը չեն ուղարկի դռնբաց դատական քննության: Դատախազին էլ անձնական շփման ընթացքում նշել եմ, որ ակնկալում եմ, որ այս գործով շուտափույթ կարճում պետք է լինի: Հակառակը մեր գնահատմամբ հանցավոր գործունեություն է արդեն իրավապահ մարմինների կողմից: Այս ամենն այսպես չի ավարտվելու, հետամուտ ենք լինելու, որ պաշտոնատար անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ընդգծեց պաշտպանը:
Հարցին, թե արդյոք այդ տեսանյութը պատվիրված է եղել, թե ոչ, նա արձագանքեց, որ չի կարող ասել՝ պատվիրված էր, թե ինքնագործունեության արդյունք էր. «Բնականաբար, իրավական քայլեր հաջորդելու են, բայց նաեւ կսպասենք դատախազության հետագա գործողություններին, որովհետեւ, ըստ էության, դատախազության լիազորությունների շրջանակում է առաջին հերթին իրենց ենթակայության վարույթներում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելիս դրանց իրավական ընթացք տալը: Եթե իրենք դա չանեն, մենք դա կնախաձեռնենք: Գուցե սպասենք ինչ-որ ժամանակ անցնի՝ հաշվի առնելով վերջին շրջանում իրավապահ մարմինների ոչ այնքան բարեխիղճ վարքագիծը: Այսինք չեմ պնդում, որ վաղն եեւթ հաղորդում ենք ներկայացնելու ԱԱԾ, բայց այս հարցն անտեսված չի մնալու»:
Հարցին, թե ինչու տեսանյութում երեւացող անձը՝ Վարուժան Մկրտչյանը, ազատության մեջ է, իսկ Արմեն Թավադյանը, ում դեմ ցուցմունք էր տրվել կալանավորվել էր, «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց. «Վարուժան Մկրտչյանն ազատության մեջ է, որովհետեւ հեռուստաընկերության սեփականատեր չէ»:











