Մենք պատկերացում ունենք, թե վատագույն զարգացման դեպքում որտեղ քանի հիվանդ է տեղավորվելու եւ այլն: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դեռ փետրվարին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն սկսեցինք ազատել բոլոր այլ հիվանդներից՝ նախատեսելով, որ այդ հիվանդանոցը պետք է լինի միայն կորոնավիրուսով վարակվածների համար:
Այդպիսի 100 տոկոսով պատրաստ երկրորդ հիվանդանոցը նույնպես ունենք, 3-րդ, 4-րդ ռեզերվը նույնպես ունենք: Այդ 4 ռեզերվն այնպիսի մի թիվ է, որ անցնում է 1000-ից:
Նույնը մեկուսացնելու վերաբերյալ. այսօր ունենք 300 մեկուսացված, ունենք եւս 400 մարդու մեկուսացնելու հնարավորություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ կան երկրներ, որոնք ընդհանրապես մեկուսացման քաղաքականություն չեն վարում եւ համարում են, որ ճիշտը կառավարելի համաճարակ իրականացնելն է, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ հիվանդանան, որի արդյունքում նրանց մարմնում հակամարմին ձեւավորվի, որ մենք երաշխիք ունենանք, որ նա 1,5 ամիս հետո չի վարակվելու:











