Արտակարգ դրություն հայտարարելու Կառավարության որոշմամբ ԶԼՄ-ների սահմանափակումների մասով սահմանվում է, որ կոնկրետ վարակակիրների, ինչպես նաեւ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չպետք է առհասարակ տրամադրվի։ Այս մասին այսօր՝ մարտի՝ 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք Կորոնավիրուսով վարակվածի անձնական տվյալները տարածող մարդիկ պատժվո՞ւմ են։
«Արտակարգ դրության խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն եւ դեպքերը մատնանշեն, թե ինչ առողջական վիճակում է գտնվում անձը կամ իր հետ կապված ինչ անձանց շրջանակ կա։ Այդ տեղեկատվության հրապարակումը արդեն իսկ քաղաքացիների կողմից արտակարգ իրավիճակի խախտում է, եւ Ոստիկանությունը կարող է դիմել այդ անձանց նման հրապարակումները վերացնելու համար»,- ասաց արդարադատության փոխնախարարը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրությունը՝ մարտի 16–ից մինչեւ ապրիլի 14–ը։











