Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի պաշտոնատար անձինք, սննդի մատակարարման գործընթացում ներգրավված տեղական մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցերը: Հատկապես հիմա այս քննարկումն առավել կարեւորվում է, որովհետեւ մենք ի սկզբանե այս ծրագիրը դիտարկել ենք որպես աջակցություն մեր ներքին շուկային, եւ մանավանդ այսօրվա ճգնաժամի պայմաններում շատ կարեւոր է, որ մենք կարողանանք արդյունավետ շարունակել այս ծրագիրը, բայց նաեւ պատասխան ունենանք բոլոր հարցերին»:

Խորհրդակցությանն արծարծվել են ԶՈՒ-ում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքին առնչվող հարցեր: Ներկայացվել են պիլոտային ծրագրի շրջանակում Պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից իրականացվող  աշխատանքները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, գործընթացի լիարժեք կազմակերպման արդյունավետ մեխանիզմների, ծառայությունների մատուցման ամբողջական շղթայի ձեւավորման ուղղությամբ անելիքների, առկա խնդիրների եւ հետագա քայլերի շուրջ:

Վարչապետը նկատել է՝ պետության առաջնահերթություններից է Զինված ուժերին որակյալ սննդի մատակարարման արդյունավետ համակարգի ձեւավորումը, եւ այս գործընթացը պետք է կազմակերպել առավելագույնս թափանցիկ՝ բացառելով որեւէ չարաշահում: Հետագա անելիքների համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գործընթացն իրականացնել մրցութային ընթացակարգերով՝ ընդգծելով, որ մրցույթների օրինականության եւ թափանցիկության առումով որեւէ կասկած չպետք է լինի, եւ առկա խնդիրների լուծմանը պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում:

Կառավարության ղեկավարը ողջունել եւ կարեւորել է փոխգործակցության մթնոլորտում աշխատանքների շարունակականությունը եւ տվել համապատասխան հանձնարարականներ: