Մարտի 15-ին ոստիկանության Իջեւանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Աչաջուր գյուղի 59-ամյա մի բնակիչ պահում եւ օգտագործում է թմրամիջոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Աչաջուր գյուղում ոստիկանները հայտնաբերեցին 59-ամյա տղամարդուն, նրա «ՈւԱԶ» մեքենան եւ 3 ուղեւորների։

Զննությամբ մեքենայից հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված։

Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է կանեփի վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար։

Վարորդը եւ ուղեւորները կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Իջեւանի բաժին։

Ուղեւորներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված կանաչավուն զանգվածով կաթուցիչ։

Նա հայտարարեց, որ թմրամիջոցը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից, մի մասն օգտագործել է, մյուսը` պահել հետագայում օգտագործելու համար։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։