ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Նա նշեց, որ նախագիծը կանոնակարգում է հիվանդության հիմքով կալանավորված անձանց կալանքից ազատ արձակման հարց քննության ժամկետը եւ ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու դատապարտյալի իրավունքի մասով ժամկետների կանոնակարգումը:
Ռուստամ Բադասյանի խոսքով, հունվարին եղել է հիվանդություններից դատապարտյալների մահվան երկու դեպք:
«Երկու դեպքում էլ դատական նիստը նշանակվել է 20-25 օր հետո, բայց այդ ընթացքում դատապարտյալն արդեն մահացել է: Մեր նպատակն է կանոնակարգել, որ ծանր հիվանդության դեպքում համապատասխան գործընթացը շատ արագ տեւի: Մասնավորապես, կալանավորված անձի դեպքում վարչակազմի միջոցով միջնորդությունը ներկայացվի հսկող դատախազին եւ վերջինս պարտավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնել դատարան, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրվա ընթացքում: Դատապարտյալի դեպքում նույնն է, բայց քանի որ էս դեպքում դատախազ չկա, միանգամից դատարանին պետք է ներկայացնել միջոնդրությունը: Կրկին դատարանը պարտավոր է որոշում կայացնել անհամապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը»:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, թեեւ կարեւորեց նախագիծը, սակայն նշեց, որ նկատառումներ ունի, սկզբունքային առումով պետք է փոխվի նախագիծը, քանի որ Սահմանադրության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել: Թաթոյանն ասաց, որ եթե անգամ հանձնաժողովը մերժել է դատապարտյալի կամ կալանավորի դիմումը, իրենք առաջարկում են, որ նույնիսկ այդ դեպքում դիմումը գնա դատախազին եւ վերջինս քննարկի հարցը: ՄԻ պաշտպանը նկատեց, որ շատ հաճախ հանձնաժողովներում դիմումները մերժվում են, բլոկ է դրվում, կարմիր լույս է վառվում, եւ դրանք չեն հասնում դատախազին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ չի կիսում մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, քանի որ խափանման միջոցը փոխելու լիազորություն դատախազն ունի՝ անկախ նրանից հիվանդության առկայություն կլինի, թե չի լինի: «Հիմա եթե հանձնաժողովը տվեց եզրակացություն, որ ծանր հիվանդություն առկա չէ, բայց կա խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն, դատախազը այդ լիազորությունից զրկված չէ»,-ասաց դատախազը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ թեեւ համաձայն է Արման Թաթոյանի հետ, սակայն պաշտպանի ներկայացրած առաջարկներն այլ նախագիծ է եւ կոչ արեց, որ պաշտպանը նախագիծ ներկայացնի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, որ եթե հանձնաժողովը, որտեղ բժիշկներ են ընդգրկված, որոշում է, որ դատապարտյալը ծանր հիվանդությամբ չի տառապում, դատախազը ո՞նց կարող է այդ հարցը որոշել:
Արման Թաթոյանն էլ արձագանքեց, որ եթե ասվում է, որ եթե բժիշկները «ոչ» են ասել, ինչպես կարող է դատախազը «այո» ասել, այդ դեպքում, ինչու, երբ հանձնաժողովում բժիշկները «այո» են ասել, դատախազն իրավունք ունի մերժել ազատ արձակումը:
Վարչապետը առկա անհամաձայնության համար կոչ արեց նախագիծը հետ ուղարկել կոմիտե եւ նորից քննարկել: «Եթե դրա պատճառով, մարդու իրավունքների պաշտպանի դիտողության պատճառով պետք է մարդու իրավուքնները խախտվեն, դա էլ երեւի նոր աշխարհի առանձնահատկություններն են, հումոր է, պարո՛ն Թաթոյան»,- կատակեց վարչապետը:
«Լավ, եկեք մարդու իրավունքների պաշտպանի իրավունքները չսահմանափակենք»,-ասաց վարչապետը, ինչին Արման Թաթոյանն արձագանքեց. «Իմ իրավունքները Կառավարությունը, ամենայն հարգանքով, չի կարող սահմանափակել»: «Լավ, ոնց ասեք»,- հավելեց վարչապետը:
Այսպիսով՝ նախագիծը հետ ուղարկվեց կոմիտե:











