Դատական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխությունների անելու նախագծի շուրջ ԱԺ-ում բանավեճ է ընթանում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի միջեւ։ Սիմոնյանը նշում է, որ ներկայումս ներկայացվող նախագիծը նախորդ անգամ ներկայացրած իրենց խմբակցության նախագիծն է, որին ԱՆ-ն առարկություն է ներկայացրել, Բադասյանն էլ հերքում է պատգամավորի հայտարարությունը։
«Մենք օրենսդրության անվտանգության խնդիր ունենք, մինչեւ ապրիլի 15-ը որոշումը պետք է կայացվեր։ Այն ժամանակ, երբ մենք նախագիծը բերեցինք ու նաեւ պատրաստ էինք համագործակցության, նաեւ հաշվի էինք առնում, որ կարող է նաեւ չհասցնենք ապրիլի 15-ին։ Ապրիլի 15-ից այս դրույթները ուժը կորցրած եմ համարվում, բայց օրենսդրական ակտը, լավագույն դեպքում եթե ընդունվի, ապրիլի վերջ է ընկնում։ Եթե մեզ հետ չեք ուզում համագործագցել, ապա շուտ բերեք նախագծերը»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
Բադասյանն էլ շեշտեց, որ նախագիծը ամբողջությամբ պատրաստ է նույնիսկ ընդունման համար. «Բնականաբար, չենք մերժում առաջինից երկրորդ ընթերցում ցանկացած առաջարկ։ Պարոն Սիմոնյան, դուք մեզ հետ չեք համագործակցել, որովհետեւ փոխնախարարը զանգել է ձեզ, ասել է՝ ձեր նախագիծը սահմանադրական դատարանի որոշումից չի բխում, առաջարկում եմ հանել եւ մեզ հետ աշխատել եւ համահեղինակության բերել, որը նույն ժամկետում էր լինելու, ինչը հիմա է։ Դուք ասել եք՝ չէ, եթե դուք դեմ եք, գրեք առարկություն, որ դեմ եք, մենք էլ գրել ենք առարկություն։ Մենք չենք կարող նախագիծը ձեր փոխարեն գրել ու ասել, որ սա այն նախագիծն է, որը մեր համահեղինակությամբ էինք։ Կարող ենք ձեր նախագծի տեքստային տարբերակը կարող ենք դնել ու իրար հետ համեմատել»։











