ԵՄ խորհուրդը համաձայնեցրել է Ալբանիայի եւ Հյուսիսայի Մակեդոնիայի Հանրապետության Եվրամիությանը անդամակցելու բանակցությունները սկսելու որոշումը։ Այդ մասին Twitter-ում հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին, հաղորդում է DW-ն։
«Լավ նորություններ այս ոչ սովորական ժամանակներում․ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները իրենց համաձայնությունը հայտնեցին Ալբանիայի եւ Հյուսիսայի Մակեդոնիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններին։ Հիմա հերթը ԵՄ երկրների ղեկավարներինն է»,- գրել է Սասոլին։ «Եվրախորհրդարանը մշտապես աջակցել է Արեւմտյան Բալկանների եվրոպական ապագային։ Հիմա մեզ, ինչպես երբեք, անհրաժեշտ են ամուր կապեր մեր հարեւանների հետ»,- շեշտել է նա։
ԵՄ խորհրդի որոշմանն արդեն արձագանքել է Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը։ «Եվրոպան հավատարիմ է իր խոսքին։ Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան սկսում են դեպի ԵՄ ճանապարհի հաջորդ փուլը։ Դա բարեփոխումների բնագավառում նրանց ջանքերի վաղուց հասունացած ճանաչումն է։ Եվ դա տվյալ կուրսը անվերապահորեն շարունակելու խթան է»,- նշվում է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ։





























