Կալիֆորնիայի համալսարանից պրոֆեսոր Դոնալդ Հայնցը բաց նամակով դիմել է դիմել է Թուրքիայի կառավարությանը` առաջարկելով քրիստոնյաներին վերադարձնել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը (Այա Սոֆիա թանգարանը), հաղորդում է «Բլագովեստ Ինֆո»-ն` վկայակոչելով «Գռուզիա Online» պորտալը:

«Ստամբուլը ցանկանում է կամուրջ լինել մշակույթների միջեւ, բայց ես պնդում եմ, որ այն բացառապես թուրք-մահմեդական մեգապոլիս է` ի տարբերություն կրոնական բազմազանություն ապահովող մեծ ժամանակակից քաղաքների: Թեեւ բնակչության միգրացիան մնացել է անցյալում, թուրքերի ազգային գիտակցության մեջ գերիշխում է մոնիզմը: Բռնի մահմեդականացման քաղաքականությունը գերիշխում է բազմամշակույթ քաղաքականության նկատմամբ: Եթե Ստամբուլը կամ Էրդողանը քրիստոնյաներին վերադարձնեն Սուրբ Սոֆիայի տաճարը, դա կլիներ խորհրդանշական եւ բարի կամքի ուժեղ քայլ: Իսլամը ոչինչ չի կորցնի, եթե թանգարանի վերածված տաճարը վերադարձվի նրա իրական տերերին»,- գրում է ամերիկացի պրոֆեսորը:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 360 թվականին եւ  ինչեւ 1453 թվականը եղել բյուզանդական ուղղափառության կենտրոնը: Օսմանների կողմից Կոնստանդնուպոլսի գրավումից հետո 1453-ին, տաճարը վերածվել է մզկիթի, որը փակվել էր 1934-ին, իսկ 1935-ին Մուստաֆա Քեմալի հրամանով վերածվել է թանգարանի:

NEWS.am-ը հիշեցնում է, որ 2005-ին ինտերնետում բացվել է Hagia Sophia Blog.Com կայքը, որում սկսել են ստորագրություն հավաքել տաճարը քրիստոնյաներին վերադարձնելու նախաձեռնությանն աջակցելու համար: Ակցիայի կազմակերպիչները պնդել են, որ անհրաժեշտ է հավաքել ինտերնետ օգտագործողների 1 մլն ստորագրություն, որից հետո փաստաթուղթը կհանձնվի Եվրախորհրդարանին:

«Թուրքիան չպետք է դառնա ԵՄ անդամ այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել պատմական արդարությունը: Սուրբ Սոֆիայի շենքը պետք է դառնա գործող քրիստոնեական տաճար, այնտեղից պետք է դուրս բերվի թանգարանը: Մեր խնդիրն է, ստիպել ԵՄ-ին լրջորեն զբաղվել այդ խնդրով»,- ասված է կայքի դիմումում: