«Կոմունիզմը չկա, կոմունիզմը մահացել ա ու չի սաղանալու»,- Շիրակի մարզի Ազատան համայնքում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը`պատասխանելով գյուղացիների այն հարցին, թե միթե նախարարը մտադիր է հողերի կոլեկտիվացման եղանակով հետ բերել կոմունիզմը:

«Մենք, այո, ուզում ենք, որ հողերի խոշորացում լինի, որուհետեւ միակ փրկությունը դա է, մենակ մարդն ի վիճակի չի շահույթ ու եկամուտ ստանալ, բայց պետք է խոշորացումը ձեր ցանկությամբ լինի, պետք է գաղափարական միավորում տեղի ունենա»,- ասել է գյուղնախարարը: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է Շիրակի մարզի մի քանի գյուղերում` ասելով. «Ինձ հրահանգել են լինել գյուղացու կողքին, լսել խնդիրներն ու լուծումներ տալ»:

Բավականին հետաքրքիր ու լարված է անցել հանդիպումն հատկապես Շիրակի մարզի Ազատան համայնքում, որտեղ գյուղացիները Սերգո Կարապետյանից 2 տարի առաջ ՀՀ ՊՆ-ը վաճառած կարտոֆիլի գումարներն են պահանջել: «Մենք գիտենք, որ մեզ միջնորդներն են պարտք մնացել: Նրանք 3 միլիոն դրամ պարտք են, մինչեւ հիմա շարունակում են խաբել գյուղացուն: Խնդրում ենք, այնպես արեք, որ մենք բանակին կարտոֆիլ առանց միջնորդների վաճառենք»,- ասել է գյուղապետ Վարդան Իկիլիկյանը: Գյուղացիները դժգոհել են նաեւ ոռոգման ջրի  ու թունաքիմիկատների բարձր սակագներից, սերմացուից:

«Նախարա~ր, նախարա~ր, նախարարն էլ ձեզ նման մարդ է, գիտեք, ես եկել եմ վայելելու, ես էլ տանջվում եմ»,- Ազատանից հեռանալուց առաջ հայտարարել է Սերգո Կարապետյանը: