NEWS.am-ի տրամադրության տակ են հայտնվել հունիսի 7–ի ուշ երեկոյան Երևանի կենտրոնում գտնվող «Կոնգ» ժամանցի կենտրոնի դիմաց տեղի ունեցած դաժան միջադեպի կադրերը։ Դրանցից երևում է, թե ինչպես են կարմիր բերետավորները դաժան հաշվեհարդար տեսնում ռեստորանում այդ պահին գտնվող երկու զույգի հետ։ Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածների թվում են Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանն ու նրա կինը, ինչպես նաև նորագյուղցի հեղինակություն Ռոման Մուրադյանը կնոջ հետ, որոնց ոստիկանները բռնություն գործադրելով նստեցրել են մեքենան։  Արտակ Ալեքսանյանը լուրջ մարմնական վնասվածք է ստացել ականջի շրջանում և նրան վիրահատել են։ Ոստիկանությունը պարզաբանել է, թե քաղաքացիները չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջին, իսկ մեր տեղեկություններով, միջադեպը ծագել է, երբ ոստիկանները մոտեցել են զույգերին և կոպտորեն պահանջել լքել ռեստորանը։

Ըստ օդում կախված լուրերի՝ հենց այս միջադեպն էր դարձել վերջերս ոստիկանապետ նշանակված Արման Սարգսյանին պաշտոնանկ անելու շարժառիթը։ Այսօր վարչապետը համակարգին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։  Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոստիկանը պետք է  յուրաքանչյուր քաղաքացու մեջ առաջացնի պատկառանքի զգացում, նրա համազգեստն ունենա զգաստացնող նշանակություն:

ԱԱԾ-ում նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս Փաշինյանը  համոզմունք է հայտնել, որ նա  կկարողանա Ծառայության պրոֆեսիոնալ, ազնիվ ներուժը համախմբել իր շուրջը եւ ԱԱԾ-ն նոր հաջողությունների, նոր փառքի եւ նոր իմիջի հասցնել։  Այս երկու տարին որ աշխատել ենք, բավարար ժամանակ է, որպեսզի անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության եւ դրա արժեքների նկատմամբ, ասել է վարչապետը։

Պաշտպանության Նախարարությունում բարձրագույն սպայական կազմին Զինված ուժերի գլխավոր շտաբի  նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բանակում ծառայության իմիջը պետք է հավասարեցնել կամ առնվազն մոտեցնել բանակի իմիջին։  Ըստ վարչապետի՝ Հայաստանում զինվորականները պետք է լավ ապրեն, որովհետեւ նրանք են պետության ինքնիշխանության ողնաշարը:

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 350 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13675-ի: Այս պահին բուժվում է 8933 մարդ։ Մահերի թիվն ավելացել է 6-ով եւ հասել 217-ի։

Նախորդ օրը արձանագրվել է նաեւ մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է: COVID-19-ից նախորդ օրը մահացած  անձանցից  ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան տղամարդ, ամենատարեցը՝ 83-ամյա կին։

Կա հավանակությունը, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի եւ բավականին մեծ է այդ հավանականությունը: Այս մասին   պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հունիսի 9-ին նշանակված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվում է: Այս մասին հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։ Հետաձգումը պայմանավորված է կորոնավիրուսի  համավարակով։

«Ռոսիա 24» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի երկրորդ նախագահիի դատավարության վերաբերյալ: Ալիքը տեղեկացրել է Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի մասին, ըստ որի՝  օրենսդրությունը փոխվել է եւ Քոչարյանին ցանկանում են դատել ավելի խիստ հոդվածով, որն զգալիորեն ավելի ուշ է հայտնվել, ինչն անթույլատրելի է:

Երկրի վարչապետի՝ կորոնավիրուսային Սահմանադրական դատարան արտահայտությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին արձագանքել է բարձր ատյանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Պատասխանելով հարցերին, Ղազարյանը տեղեկացրել է, որ  ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերջին մի քանի կարգադրություններով ինքը եւ Վահե Գրիգորյանը պարգեւավճարներ չեն ստացել:

Եթե իշխանությունն ունակ չէ ադեկվատ ընկալել վտանգները եւ արձագանքել, ապա ինչ գործ ունի իշխանության գլխին: Այս միտքը լրագրողներին հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:  Նա նաեւ անդրադարձել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթի կայքէջում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ 1979 թվականի դատավարությանն առնչվող փաստաթղթերը հրապարակելու փաստին։ Տեղեկացնենք, որ այդ գործի դատավճիռը հրապարակելուց հետո, ԲՀԿ-ական նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը հիշեցրել էր, որ նախորդ դարի 90-ականներին Ծառուկյանն արդարացվել է եւ նրա դեմ գործը՝ կարճվել։

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին  ԲՀԿ-ից  Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է վարչապետի հայտարարությունը, որ առնվազն երկու մարդ մահացել է վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով, եւ հարց ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին, թե արդյո՞ք քրեական գործեր չպետք  է հարուցվեն մարդկանց մահվան մեղավորներին գտնելու համար։

Հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Կորյուն Գրիգորյանն ու Նարեկ Մանթաշյանը երեւանյան սրճարաններից մեկում մոտեցել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ու փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, եւ  հիշեցրել Բադասյանին նրա այն հայտարարությունը, թե քրեակատարողական հիմնարկները կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաապահով տեղն են։ Մանթաշյանն առաջարկել է պաշտոնյաններին եւս գնալ այնտեղ ապահովության նկատառումներով։ Տիգրան Ավինյանն արձագանքել է, թե այդ դեպքում Վանեցյանի հանձնարարմամբ հարսանիք չէր արվի:

Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալությունների հերթական ալիքն է բարձրացել։ Իզմիրի դատախազությունը 191 զինծառայողի ձերբակալության հրաման է արձակել, այդ թվում՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապի մեջ կասկածվող 181 անձի: Արդեն 145 մարդ ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են Էրդողանի հակառակորդ Գյուլենի կողմնակիցների կազմակերպած խարդախություններին մասնակցության համար:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով եւ  կազմել  481.23 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.52 դրամով ու կազմել  542.15 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.78 դրամով  ու կազմել է 608.37 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով  եւ կազմել 6.99 դրամ։

Հունիսի 10-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում, նաեւ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32: