ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի հունվարին իր երդման արարողությունից հետո հանդես եել ավելի քան 20 հազար հայտարարությամբ, որոնք չեն համապատասխանել իրականությանը: Երկուշաբթի այսպիսի տվյալներ է ներկայացրել  The Washington Post-ը, որին Թրամփն բազմիցս մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ առաջնորդն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է իրեն թույլ տվել ներքին եւ միջազգային լայն թեմաների վերաբերյալ, այդ թվում՝ մեկնաբանելով իմպիչմենտի գործընթացը, կորոնավիրուսի համավարակը եւ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան շուրջ իրադարձությունները: Ըստ թերթի հաշվարկների՝ հուլիսի 9-ի դրությամբ Սպիտակ տանը գտնվելու 1․267 օրվա ընթացքում Թրամփը ստել է 20.055 անգամ:

Թերթը նշել է, որ ամենից հաճախ ԱՄՆ նախագահը աղավաղել է իրականությունը՝ խոսելով այն մասին, որ «Ամերիկայի տնտեսության ներկայիս վիճակը լավագույնն է երկրի պատմության մեջ»: Բացի այդ, Թրամփը պարբերաբար տեղեկացրել է «Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին» եւ «Ամերիկայի պատմության հարկերի ամենամեծ կրճատման մասին», ինչը նույնպես ճիշտ չէ, ընդգծել է թերթը։

Պարբերաանը հիշեցրել է, որ 10 հազար կեղծ հայտարարությունների շեմը Թրամփը հաղթահարել է 2019-ի ապրիլին: Այդպես, վերջին 14 ամսվա ընթացքում նա միջինում ստել է հանրության առջեւ օրական 12 անգամ, այդ թվում՝ հանրահավաքների, հարցազրույցների ժամանակ եւ գրառումներում Twitter-ում։

The Washington Post-ը Միացյալ Նահանգների խոշորագույն եւ ազդեցիկ թերթերից մեկն է: 2013-ին այն ձեռք էր բերվել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կողմից 250 միլիոն դոլարով: Պարբերականն անընդհատ քննադատության է ենթարկում Թրամփի վարչակազմի գործունեությունը, ինչը զայրույթ է առաջացնում  լրատվամիջոցներին ապատեղեկատվության մեջ մեղադրող ԱՄՆ առաջնորդին: