Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատախազներին մերկացրեց պարետի որոշումներ կատարելու ցանկություն չունենալու մեջ:

ՍԴ դիմելու մասին ներկայացված միջնորդության քննարկման ժամանակ եզրափակիչ խոսքով հանդես գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը մեկնաբանեց դահլիճում վերադասավորումների վերաբերյալ դատախազի խոսքը: Ավելի վաղ դատախազը չափազանց քննադատաբար էր արձագանքել այն հանգամանքին, որ սոցիալական հեռավորության պահպանման հնարավորություն ապահովելու պաշտպանության պահանջով դատավարության մասնակիցների մի մասին (հիմնականում տուժած կողմին) տեղափոխեցին դահլիճի հանդիսատեսի համար նախատեսված հատված:

Փաստաբանը նշեց ասվածի բացասական հնչերանգը եւ հիշեցրեց, որ պարետի որոշումների կատարումն առաջին հերթին պետք է հետաքրքրի դատարանին եւ դատախազներին, ինչը տեղի չունեցավ: Եվ երբ արդեն փաստաբանները հարցը բարձրացրին, դատախազը որոշումը քննադատում է: Շահարկվող հայտարարություններից խուսափելու համար փաստաբանն առաջարկեց նիստը տեղափոխել Աջափնյակի նստավայրում մեծությամբ միակ դատական նիստերի դահլիճ:

Առաջարկը լսելով՝ դատախազ Բաղդասարյանը տեղից ռեպլիկ կատարեց՝ փաստաբանին խորհուրդ տալով ուշքի գալ: Ալումյանը ռեպլիկն անտեսեց: Դատավորը պահանջեց չընդհատել:

Հայտարարություններին արձագանքեց դատավորը՝ հայտարարելով, որ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են, եւ ինքը մտադիր չէ վերադառնալու հարցի քննարկմանը: Ինչ վերաբերում է տուժած կողմի ներկայացուցչի վրդովմունքին, Դանիբեկյանը նշեց, որ իրավիճակն անհարմարություններ է ստեղծում բոլորի համար, եւ այդ հարցին եւս մտադիր չէ վերադառնալու: